Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Զգուշացեք Սիրենաներից` նրանք դեռ երգում են

Զգուշացեք Սիրենաներից` նրանք դեռ երգում են
13.10.2017 | 02:22

Երբ երգում են Սիրենաները, մարդիկ կորցնում են ինքնակառավարումը: Հին հունական առասպելները նրանց անվանում են ծովային էակներ, որ մարմնավորում են հիասքանչ ու նենգ ծովի մակերևույթը` ծանծաղուտն ու խութերը քողարկող: Սիրենաները կեսկին-կեսթռչուն են կամ կեսկին-կեսձուկ, հորից ժառանգել են վայրի տարերքը, մորից` աստվածային ձայնը: Ովքե՞ր են ծնողները: Դիցաբանությունը խճճում է` աստվածների խումբ է հավակնում այդ պատվին, որ աստվածների մյուս խմբի հետ պատերազմում նրանց կործանել, թե փրկել է: ՈՒ նրանց վերապահվել է դաժան դեր` բնակեցնելով կղզիներում, որ կործանեն նավագնացներին: Նրանց երգերը քնեցնում են, ու նավերը լողում են դեպի մահ: Ոդիսևսը կարողացավ անցնել նրանց կողքով, որովհետև Ցիրցեան զգուշացրել էր ականջները բամբակով խցանել:

Գուշակված էր, որ Սիրենաները կմեռնեն, երբ ինչ-որ նավ անցնի նրանց կղզու կողքով։ Երբ Ոդիսևսն անցավ, նրանք նետվեցին ծովն ու ժայռերի վերածվեցին` Սցիլլա ու Քարիբդա: Հոմերոսը ասում էր` Սիրենաները երկուսն են ու անուններ չէր տալիս: Ավելի ուշ նրանց անվանում էին Պեյսինոյա, Ագլաոֆա, Տելսիեպիա։ Մեկը կիֆար էր նվագում, մյուսը երգում էր, երրորդը ֆլեյտահար էր: Պատմությունը պահպանել է նաև այլ անուններ: Այնպես որ, ստույգ չէ` քանի՞սն էին Սիրենաները, որտե՞ղ ու ինչպե՞ս անհետացան: Իսկ գուցե չեն էլ անհետացել, գործառույթը մնացել է, կերպարանքը փոխել են: ՈՒ դեռ երգում են` կործանարար իրենց երգը, իսկ Ցիրցեան ոչ բոլորին է զգուշացնում ականջները խցել:
Այսօր 13-ն է, և` ուրբաթ: Զգուշացեք Սիրենաներից:


Մի քիչ պտտվենք շուրջբոլորը: Սկսենք Փարիզից: ՅՈՒՆԵՍԿՕ-ն «2» նշանակեց Փոլադ Բյուլբյուլօղլուն, գործադիր տնօրենի ընտրության առաջին փուլից հետո նա հանեց թեկնածությունը` ստանալով միայն Ադրբեջանի ու Ռուսաստանի ձայները: Իլհամ Ալիևի ևս մեկ ֆինանսական ներարկում չաշխատեց, առավելագույն ձայներ ստացան Կատարի, Ֆրանսիայի, Եգիպտոսի թեկնածուները` 7-ից 3-ը: Նրանցից մեկն այսօր կընտրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր տնօրեն ու դժվար թե համաշխարհային ժառանգության յուրաքանչյուր երկրորդ կառույց գտնի Ռուսաստանում, մեդալ տա Ադրբեջանի հմայիչ ու հարուստ փոխնախագահին` ի պատասխան ֆինանսական անձնական աջակցության: Երգեցին Սիրենաները հրաժեշտի ևս մեկ երգ:
Գնանք Անկարա: Քնած, թե արթուն` Ռեջեփ Թայիբ Էրդողանը սադրում է: Թրամփին էլ նեղացրեց: Թեպետ վիզաների պատերազմում հստակ չէ` ո՞վ սկսեց, ո՞վ կավարտի: «Մենք ցեղախումբ չենք, Թուրքիան ղեկավարվում է օրենքի գերիշխանությամբ, և ես հանձնարարել եմ ամերիկացիներին համարժեք պատասխան տալ»,- Կիևում ասաց Էրդողանը ու որոշեց հանուն հավասարության Պուտինին էլ նեղացնել: Ասաց. «Մենք չենք ճանաչել և չենք էլ պատրաստվում ճանաչել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը»: Հոկտեմբերի 9-ին էլ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ եթե ռուսները չհամաձայնեն C-400-ների արտադրական տեխնոլոգիաներ տրամադրել, այլ երկրի հետ կպայմանավորվեն: Բլեֆ էր արել, ոչ մի երկիր հերթ չի կանգնել զենքի արտադրության տեխնոլոգիաներ Անկարային վաճառելու համար: ԱՄՆ-ի «Պետրիոտներն» էլ, որ Թուրքիան նորից ուզում է գնել, եթե վաճառվեն, վաճառվելու են առանց արտադրության տեխնոլոգիայի արտոնագրի: Իզուր է Չավուշօղլուն Պուտինին մեջբերում. «Պուտինն անձամբ ասաց, որ, ես էլ էի այդ հանդիպմանը ներկա, «համատեղ արտադրության հարցում միասին կարող ենք քայլեր ձեռնարկել, տեխնոլոգիան էլ նորացվում է, 500-ներն են գալիս»։ Օգուտ չի տա: Առավել ևս, երբ Էրդողանը տուրնե է սկսել Ռուսաստանի շուրջ` ՈՒկրաինա, Լեհաստան, Մերձբալթիկա էլ մտնի` Կրեմլը պատժամիջոցները վերականգնելու է: Լրիվ:


Ռուսաստանը Սաուդյան Արաբիային C-400 հրթիռային համակարգեր կմատակարարի` TACC-ին ասել էր Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային գործակալությունը. «Մենք հաստատում ենք, որ Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ հակաօդային պաշտպանության C-400 համակարգերի, հակատանկային «Корнет-ЭМ» հրթիռային համակարգերի, TOC-1A համակարգերի, Ըթհ-30 ավտոմատացված նռնականետային համալիրների և AK-103 մակնիշի ինքնաձիգների վաճառքի պայմանավորվածություններ են ձեռք բերվել»:

Սիրենաները այստեղ էլ Էրդողանի համար երգեցին` Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դմիտրի Նովիկովը ասաց. «Թուրքիայի նախագահի հայտարարությունը, որ ինքը չի ճանաչում Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին, դաս է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Անկարայի հետ երկարաժամկետ հարաբերություններ հաստատել»: ՈՒ՞մ ասաց: Իրաքի՞ն: Իրանի՞ն: Կրեմլի՞ն։
Սիրենաները սկսել են Ղրղզստանում էլ երգել: Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը չգնաց Սոչի` նախագահական ընտրությունների օրը հեղաշրջման փորձի տեղեկությունների պատճառով: Գլխավոր մեղադրյալը ընդդիմադիր պատգամավոր Կանատբեկ Իսաևն է: Հոկտեմբերի 15-ի ընտրություններից առաջ նրա դեմ քրեական գործ է հարուցվել` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իշխանության բռնի զավթում պատրաստելու համար: Ի՞նչ է կատարվում ԵԱՏՄ-ում: Մինսկում Սիրենաների փոխարեն երգեց Ալեքսանդր Լուկաշենկոն: Հոգեպարար երգ էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի համար: Բատկան ասաց, որ Ադրբեջանի հետ իր երկրի հարաբերությունները եղբայրական են, ինքը մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական համագործակցության համար։ «Մենք ինքնիշխան անկախ պետություն ենք և իրավունք ունենք որոշել համագործակցության այն ուղղությունները, որոնք համապատասխանում են ժամանակի ոգուն, մեր պետությունների պահանջներին»` համենայն դեպս արդարացավ Լուկաշենկոն։ Բելառուսը ևս Բաքվի հետ բիզնես է անում, միայն բիզնես, անձնական սիրով: Սերժ Սարգսյանը Սոչիում Բատկային զենքի ու սիրո մասին հարցեր տվե՞ց:


Սիրենաները Իսպանիայում երգում են մտքում: Դեռ: Կատալոնիայում անկախության հանրաքվեից հետո Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը դիրքերը չի զիջում, Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնն ավելի ճկուն է` նա և՛ հայտարարեց անկախություն, և՛ չհայտարարեց: «Քվեատուփն ասել է «Այո» անկախությանը, և դա է այն կամքը, որով ես առաջ եմ շարժվելու: Ես ցանկանում եմ հետևել Կատալոնիայի ժողովրդի կամքին, իսկ դա անկախ պետություն դառնալն է: Այսօր ես ստանձնում եմ Կատալոնիայի՝ հանրապետական կառավարման ձևով անկախ պետություն դառնալու մանդատը»,- հայտարարեց Պուչդեմոնը: Հետո նա և Կատալոնիայի խորհրդարանի անկախական պատգամավորները ստորագրեցին անկախության հռչակագիրը: ՈՒ ոչ ոք չհասկացավ` Կատալոնիան անկախացա՞վ, թե՞ ոչ: Թող Ռախոյը մտածի: Ռախոյը մտածեց ու Պուչդեմոնին 11 օր տվեց անկախությունից հրաժարվելու համար: Մտածելու 8 օր, եթե Կատալոնիան չհրաժարվի անկախությունից, Մադրիդը ուղղակի կառավարում կմտցնի: Կատալոնիայի կառավարությունը մինչ հոկտեմբերի 16-ը պիտի պատասխանի: Եթե Կառլես Պուչդեմոնը հաստատի, որ անկախություն է հռչակել, 3 օր կտրվի շտկելու համար: Հակառակ դեպքում Սահմանադրության 155-րդ հոդվածով շրջանի կառավարությունը կլուծարվի: Ո՞վ է Սցիլլայի ու Քարիբդայի արանքում` Ռախո՞յը, թե՞ Պուչդեմոնը։ Գուցե տարածքային ամբողջականության ու ազգի ինքնորոշման իրավունքի սկզբունքներում մոլորված աշխա՞րհը:


Անկախական ևս մի հանրաքվե է օդում կախված` Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին պատրաստ է սառեցնել սեպտեմբերի 25-ի հանրաքվեի արդյունքները` դաշնային կառավարության պատժամիջոցների վերացման դիմաց` Al-Arabiya եթերում հայտարարել է Իրաքի փոխնախագահ ՈՒսման ան-Նուջեյֆին` Բարզանիի հետ բանակցությունների ավարտին: Իրաքի իշխանությունները չեն բացառում Իրաքյան Քրդստանի հետ համադաշնության ստեղծումը՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար: Բաղդադը պահանջում է հրաժարվել հանրաքվեի արդյունքներից, Էրբիլը` ճանաչել քրդական պետությունը։ Սիրենաները սպասում են։


Հասանք Թեհրան: Հարևան պետության մայրաքաղաքում էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Փառավոր այց էր: Նախագահավայել: Եթե համեմատենք նրա վարչապետության մեկ տարին ու Թեհրան այցը, իրար հակառակ են: Ի՞նչ գործ ուներ Կարեն Կարապետյանը Թեհրանում, երբ ռուս-իրանական հարաբերություններում հակասություններն ավելի շատ են, քան Սիրիայում ռազմական միավորող համագործակցությունը, երբ ձևավորվել է Իրաք-Իրան-Թուրքիա առանցք, որի յուրաքանչյուր կողմ իր չլուծվող խնդիրներն ունի Մոսկվայի հետ: 2018-ի ապրիլից առաջ Կարեն Կարապետյանին մեկնարկային PR քայլ պետք էր, PR-ը` PR, բայց զայրացնել Մոսկվայի՞ն: Կարեն Կարապետյանի բացահայտ ու չբացահայտված կողմնակիցները կարող են հանգիստ լինել` նրան ոչինչ չի սպառնում: Նա Թեհրանում էր` ներկայացնելու ու պաշտպանելու նախ ռուսական, հետո գուցե հայկական շահերը: Պաշտոնական բառառատ տեղեկատվության մեջ խոշորացուցով փնտրեք կոնկրետություն, չեք գտնի, բայց մի վրիպում կա` փոխանցել են իրանական կողմի խոսքերը: ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին, օրինակ, ասել է. «Մենք Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական ու մշակութային բնագավառներում համագործակցության որևէ սահմանափակում չունենք»: Հետո նշել է, որ «ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է ու լավ հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ, այս հարթակը երկու երկրների հարաբերությունների զարգացման համար կարող է դրական լինել: Պարսից ծոցից Սև ծով անցնող տրանսպորտային միջանցքներից մեկը կարող է լինել Հայաստանը»: Սա դիվանագիտական կրկնակի կսմիթ է Կարեն Կարապետյանին` նախ, որ Իրանը համագործակցության որևէ սահմանափակում Հայաստանի հետ չունի, ասել է, թե Հայաստանն ունի, և երկրորդ` ՀՀ-ն Իրանին հետաքրքրում է ոչ միայն որպես ԵԱՏՄ անդամ, այլև ԵՄ-ի հետ լավ հարաբերություններ ունեցող: Պարսից ծոցից Սև ծով ճանապարհն էլ տանում է Եվրոպա: Կարեն Կարապետյանը Թեհրանում քննարկել է իրանական գազ գնելու և Իրանի տարածքով թուրքմենական գազը Հայաստան տեղափոխելու հարցերը։ Հիշու՞մ եք Սերժ Սարգսյանի այցը Թուրքմենստան` մասնակցելու մի մարզահանդեսի բացման, որտեղ հայեր չկային: Հայեր չկային, շահեր կային: Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ Երևանում ու Աշգաբադում Սերժ Սարգսյանի հանդիպումների ժամանակ քննարկվել է թուրքմենական գազը Հայաստան ներկրելու տարբերակը: Հարց, որ «Գազպրոմը» չի կարողանում լուծել` Բերդիմուհամեդովը ոչ «այո» է ասում, ոչ` «ոչ»։ Թուրքմենական գազը Հայաստան է մտնելու արտահանման համար: Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ընդլայնմանը, Մեղրու ՀԷԿ-ի ծրագրին, Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկվել Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի և էներգետիկայի նախարար Սաթար Մահմուդի հետ Կարեն Կարապետյանի՝ Թեհրանում հանդիպումների ժամանակ: Զեկուցելու լիքը կետեր կան: Մոսկվային: Գուցե շքանշան էլ տան: 2018-ին։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. 2018-ի ապրիլին Սիրենաները երգելու են` Կարեն Կարապետյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի համար: Ոչինչ չի նշանակում, որ օրը նվազագույնը մեկ ՀՀԿ-ական հավատարմության հրապարակային երդում է տալիս Սերժ Սարգսյանին: Իշխող կուսակցությունը գնում է ուժի հետևից` ինքնապահպանման բնազդով: Ո՞վ կլինի ուժեղը 2018-ին: Պատասխանը որոնվում է: Կարեն Կարապետյանին Հայաստան բերեց Սերժ Սարգսյանը, բայց երախտամոռությունը իշխելու պայմաններից է, երկուսն էլ դա գիտեն: «Նոր ոգին» ընդամենը քրեաօլիգարխիկ համակարգը համալրեց նոր օլիգարխներով կամ հներին «հավատափոխելով»: Լավ է, ՊԵԿ-ի համակարգիչը կա: Մնացածը տեխնիկայի հարց է, որ քաղաքական վերադասավորման կարող է հանգեցնել: Հինգ ամսից: Հիմա Սիրենաներից մեկը երգում է, մեկը ֆլեյտա է նվագում, մեկը` կիթառ: Քաղաքական: Քանի չի լողացել Ոդիսևսի նավը: Հետո՞ ինչ` Հայաստանը ծով չունի: Սցիլլան ու Քարիբդան կան:

Դիտվել է՝ 3992

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ